02/03/2017 18:23
Կայացավ Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարների կլոր սեղանը
Փետրվարի 23-ին Բրյուսելում կայացավ Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոների ղեկավարների և արվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ: Արդեն չորրորդ անգամ կարևորագույն այս հանդիպմանը հրավիրվում է մասնակցելու նաև «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Կոմիսար Նավրաչիչն իր խոսքում նշեց, որ Եվրոպայի ամենահզոր ներուժը մշակույթն է և այն պետք է դրվի Եվրոպայի արտաքին քաղաքականության հիմքում: Այս մոտեցումը կյանքի կոչելու համար կարևոր է լսել հզոր փառատոների գեղարվեստական ղեկավարների կրեատիվ մոտեցումները և առաջարկները: Փառատոների գործունեությունը երկրների կյանքում բերում է կայունություն, փոխըմբռնում, տնտեսական առաջընթաց, կրթության և կյանքի որակի աճ: Առանձնահատուկ ծանրակշիռ է փառատոների դիվանագիտական առաքելությունն ու տուրիզմը զարգացնելու անսպառ կարողությունը:
Եվրակոմիսարի կլոր սեղանին ներկա էին Էդինբուրգի 70-ամյա փառատոնի գործադիր տնօրեն Յոհաննա Բեյքերը, Լյուբլիանայի 65-րդ փառատոնի և Եվրոպական փառատոնային ասոցիացիայի նախագահ Դարկո Բռլեքը, Բրյուսելի Բոզար արվեստների պալատի գլխավոր տնօրեն Փոլ Դյուջաղդենը, «Ստեղծարար Եվրոպա»դրամաշնորհային ծրագրի ղեկավարներից տիկին Բարբարա Գեսլերը և մեկ տասնյակ կարևոր դերակատարում ունեցող գործիչներ:
Հայաստանը, չլինելով Եվրամիության անդամ երկիր, «Հեռանկարներ» փառատոնի շնորհիվ իր ամբիոնն է ստացել Եվրոպական միության կառավարության շենքում՝ նույն սեղանի շուրջ հավասարը հավասարի նստելով ԵՄ անդամ այլ երկրների հետ: Փառատոնի շգործունեությունը Հայաստանը դարձրեց երաժշտական կյանքի բացարձակ առաջատարի ողջ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում:
Նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հայկական ջազ, հոգևոր և դասական ժամանակակից երաժշտության կատարողների ելույթները կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական կողմի մասնակցության համար` Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվելիք համերգներին:
Բրյուսելում քննարկվեց նաև Պաբլո Պիկասոյի քանդակների և նկարների ցուցահանդեսի տեղափոխման հնրարավորությունը` Հայաստան:
Նշենք, որ 2015թ. փառատոնի 15-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրակոմիսար Նավրաչիչը հղել էր շնորհավորական ուղերձ, որում մասնավորապես ասված էր «Երևանյան հեռանկարներ» փառատոնը Եվրոպայի առաջատար փառատոներից մեկն է, ուր Հայաստանը հաստատուն կերպով ամրագրեց Եվրոպայի մշակութային և գեղարվեստական քարտեզի վրա:
2008թ.-ից փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: