02/03/2017 18:09
Պաբլո Պիկասոյի քանդակներն ու նկարները կարող են տեղափոխվել Հայաստան
Բրյուսելում կայացել է Եվրոպական միության կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության կոմիսար Տիբոր Նավրաչիչի ամենամյա բացառիկ կլոր սեղանը` Եվրոպայի առաջատար փառատոնների ղեկավարների և արվեստի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ:
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ արդեն չորրորդ անգամ կարևորագույն այս հանդիպմանը հրավիրվում է մասնակցելու նաև «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը:
Հայաստանը, չլինելով Եվրամիության անդամ երկիր, «Հեռանկարներ» փառատոնի շնորհիվ իր ամբիոնն է ստացել Եվրոպական միության կառավարության շենքում, նույն սեղանի շուրջ հավասարը հավասարի նստելով ԵՄ անդամ այլ երկրների հետ:
Փառատոնի գործունեությունը Հայաստանը դարձրել է երաժշտական կյանքի բացարձակ առաջատարի ողջ տարածաշրջանում և ԱՊՀ երկրներում:
Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ հայկական ջազ, հոգևոր և դասական ժամանակակից երաժշտության կատարողների ելույթները կազմակերպելու համար, ինչպես նաև հայկական կողմի մասնակցության համար` Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպվելիք համերգներին:
Բրյուսելում քննարկվել է նաև Պաբլո Պիկասոյի քանդակների և նկարների ցուցահանդեսի տեղափոխման հնարավորությունը` Հայաստան:
2008թ.-ից փառատոնն անցկացվում է Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո,Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: