02/03/2017 14:55
Նարեկ Դուրյանը մանուկների համար նոր անակնկալ է պատրաստել
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը:
«Երեխաները շատ սիրեցին «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը. մինչև այսօր հեռախոսազանգերը չեն դադարում. հանդիսատեսը մանկական ներկայացում է պահանջում: Պատրաստեցինք նոր ներկայացում: Բեմադրությունը Նարեկ Դուրյանինն է: Ներկայացման մեջ ներառված է 5-6 մանկական երգ, որոնք հեղինակել է հենց Դուրյանը: «Տիկնիկների խանութ»-ի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, բայց կան նաև այլ հերոսներ», - տեղեկացնում է թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Գործողությունները տեղի են ունենում տիկնիկների խանութում: Երբ բոլորը քնում են, տիկնիկներն արթնանում են ու ապրում իրենց կյանքով: Ու հեքիաթը սկսվում է: Ուսուցողական և յուրահատուկ այս ներկայացման մեջ ներառված են նաև ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման մեջ ներգրավված են Նարեկ Դուրյանի ուսանողները, որոնց մանուկ և պատանի հանդիսատեսը հասցրել է սիրել:
«Մենք պետք է պահպանենք մեր ազգային հեքիաթները և, այնուամենայնիվ, պետք է 21-րդ դարի շունչ մտցնենք դրանց մեջ: Այսինքն` ժամանակակից դարձնենք դրանք, որ 21-րդ դարի երեխան կարողանա մեկ ժամ նստել, լարված դիտել և սիրել հերոսներին: Ի դեպ, մեծերը ևս մեծ հաճույքով կդիտեն ներկայացումը»,- հավելում է Քրիստինա Հովհաննիսյանը:
Նշենք, որ պրեմիերայից հետո «Տիկնիկների խանութ»-ը կհամալրի «Բոհեմ»-ի խաղացանկը` ամեն շաբաթ և կիրակի ցուցադրվելով թատրոնի բեմում: