04/03/2017 14:37
Ադրբեջանում առաջիկայում սպասվում է գործազրկության մակարդակի աճ և արտաքին պարտքի ավելացում. BBC
Հայտնի արտահայտությունն այն մասին, թե «մենք մտածում էինք, որ հատակին ենք հասել, երբ ներքևից թակեցին» հաճախ են հիշում Ադրբեջանում, երբ խոսք է գնում այդ երկրի տնտեսության մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ճիշտ է, երկրի փորձագիտական շրջանակներում չկա միանշանակ տեսակետ տնտեսության վիճակի մասին` կարծիքներ կան ինչպես ապոկալիպտիկ վիճակի մասին, այնպես էլ «մեր երկիրն արդեն հաղթահարել է ճգնաժամը» ոճով:
Այնուամենայնիվ, բնակչությունն այս ամենից ահաբեկված է, ապակողմնորոշված ու վախի մթնոլորտում սպասում է էլ ավելի վատ ժամանակների: Կառավարությունը փորձում է հանդարտեցնել ժողովրդին, այդ թվում` իրենք իրենց համոզելով, որ կարիք չկա առավել դրամատիզացնել իրավիճակը, քանի որ կառավարական «ճանապարհային քարտեզները» կհանեն երկիրը ճգնաժամից:»,- գրում է BBC-ն:
BBC հոդվածագիրը նշում է, որ երկրում չկա վստահություն ազգային մանաթի ու բանկերի նկատմամբ: Մարդիկ հետ են վերցնում իրենց խնայողությունները բանկերից, ընդ որում ոչ միայն ազգային տարադրամով պահվածներն, այլև` մյուսները: Նրանք վախենում են, որ իրենց խնայողությունները կկորեն կամ կսառեցվեն, եթե տվյալ բանկն արժանանա այն տասի ճակատագրին, որոնք փակվեցին նախորդ տարի:
Լավատեսական չեն նաև կանխատեսումները ՀՆԱ-ի առումով:
«S&P միջազգային վարկանշային գործակալությունը վերջին կանխատեսումներում այս տարի Ադրբեջանի համար կանխատեսվում է զրոյական տնտեսական աճ և որոշակի կայունացում 2018թ.-ին: Ընդ որում, սա հիմնականում գազի արտահանման ծավալների աճի ու նավթի համաշխարհային գների աճի հիման վրա: Գործակալության կանխատեսմամբ Ադրբեջանում առաջիկայում սպասվում է գործազրկության մակարդակի աճ և արտաքին պարտքի ավելացում, որն այս տարի կկազմի ՀՆԱ 40 տոկոսից ավելի»: