04/03/2017 12:43
Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի հաջորդ փուլ է անցել Խաչիկ Մարտիրոսյանը
Փետրվարի վերջերին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացավ Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մրցույթի ընտրական, տարածաշրջանային 2-րդ փուլը:
Լսումների արդյունքում մրցույթի եզրափակիչ փուլերին կմասնակցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող, ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի անդամ Խաչիկ Անդրեասյանը (դասախոս՝ Արմեն Բաբախանյան):
ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ երևանյան փուլի լսումներին մասնակցեցին ինը պատանի դաշնակահարներ. Հայաստանից` վեցը, Ռուսաստանից` երկուսը, Վրաստանից` մեկը:
Երևանյան փուլի հանձնաժողովի կազմում ընդգրկված էին` մրցույթի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), անվանի դաշնակահար, ՌԴ Ժողովրդական արտիստ, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի աստղերի ասոցիացիայի նախագահ Վլադիմիր Օվչիննիկովը (Ռուսաստան) և ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, ԵՊԿ-ի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը (Հայաստան):
Մրցույթըն իրականացվում է տարիքային երկու խմբում` մինչև 13 և 13-18 տարեկանների համար, և անցկացվում է 4 փուլով: Մրցանակային ֆոնդը կազմում է 50.000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլար, սահմանված են նաև հատուկ մրցանակներ՝ բազմաթիվ համերգներ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, մենահամերգներ՝ աշխարհի լավագույն բեմերում:
Վլադիմիր Կրայնևի անվան դաշնակահարների միջազգային 2-րդ մր-ցույթի 1–ին փուլը կայացել է 2016 թվականի նոյեմբերի 1-15-ը. այս փուլում մասնակիցներն ընտրվել են ձայնագրությունների միջոցով: Մրցույթի 2-րդ ընտրական փուլը, որը կենդանի լսումների ձևաչափով է, 2017 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ն անցկացվել է 7 քաղաքներում` Մոսկվա, Սանկտ–Պետերբուրգ, Տոկիո, Միլան, Պեկին, Նյու–Յորք, Երևան: Մրցույթի 3-րդ և 4–րդ փուլերը կանցկացվեն 2017 թվականի մարտի 27-31-ը, Մոսկվայում` Երաժշտության տան մեծ դահլիճում:
Եզրափակիչ փուլը կանցկացվի Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ գործող՝ Ռուսաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Մրցութային հանձնաժողովի կազմում են` Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա-Իտալիա), Տոմաս Բեկդորֆը (Չիլի), Ջուզեպե Անդոլորոն (Իտալիա), Ալեքսանդր Մուտուզկինը (ԱՄՆ), Կատյա Սկանավին (Ռու¬սաստան), Միխայիլ Շալամովը (Գերմանիա):