06/03/2017 10:19
Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարները համաձայնության են եկել
Նորդուզի անցակետում Մեղրիի և Նորդուզի մաքսակետերի ղեկավարների օրերս տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ գործընկերները քննարկել են Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցներից գանձվող վճարների և Իրան ուղևորվող մարդատար մեքենաների վճարներին վերաբերող հարցեր:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ բացի այդ անդրադարձ է եղել, մասնավորապես, մարտ ամսին Նովրուզի ժամանակ սպասվող ուղևորների և ավտոմեքենաների մեծ հոսքերի որակյալ սպասարկմանն ուղղված քայլերին:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել խնդիրները սեղմ ժամկետներում լուծելու վերաբերյալ:
Նշվում է, որ ՊԵԿ-ի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության միջև մաքսային վարչարարության բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է Մեղրիի և Նորդուզի սահմանային մաքսային կետերի միջև իրական ժամանակում տեղեկատվության փոխանակում կազմակերպել: