06/03/2017 14:52
Ես ազգի տղա եմ. ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում. Արթուր Աբրահամը՝ ՀՀԿ-ի տեսահոլովակում նկարահանվելու մասին
«Ռեինկարնացիա» խումբը երեկ հանրությանը ներկայացավ «Փոխենք աշխարհը» նոր տեսահոլովակով, որը պատրաստվել է Հայաստանի «Հանրապետական» կուսակցության պատվերով՝ քարոզարշավի շրջանակներում: Տեսահոլովակում վարչապետ Կարեն Կարապետյանից զատ նկարահանվել են այնպիսի հայտնի ու ճանաչված մարդիկ, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը, Նարեկ Հախնազարյանը…
Այս հանգամանքը համացանցում բուռն քննարկման է արժանացել: Ոմանք «Ռեինկարնացիա»-ին և հայտնիներին մեղադրում են իշխանամետ լինելու, ՀՀԿ-ին սատարելու մեջ:
Aysor.am-ը պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված տեսահոլովակում հանդես գալու իր որոշումը:
«Ես ազգի տղա եմ, ինչ անում եմ, մեր ազգի համար եմ անում: Ես ծառայում եմ Հայաստանին և հայ ժողովրդին», - ընդգծեց բռնցքամարտիկը: