08/03/2017 21:25
Եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, Հայաստանը կլինի օգտատերերի թվում. Սերժ Սարգսյան
Բոլոր հարցերի շուրջ Հայաստանի և Ֆրանսիայի մոտեցումները շատ մոտ են միմյանց. դա վերաբերում է ինչպես երկկողմ հարաբերություններին, այնպես էլ տարածաշրջանում ծավալվող խնդիրներին, իրադարձություններին, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների ավարտին։
«Անշուշտ, Հայաստանի և Ֆրանսիայի բազմադարյա բարեկամությունն ու պատմամշակութային կապերը, ինչպես նաև քաղաքական խնդիրների բացակայությունն այն ամուր հիմքն է, որի հիման վրա մեր հարաբերությունները շարունակում են ընդլայնվել փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտում», - նշել է նախագահ Սարգսյանը։
Նրա խոսքով, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը ամուր հիմք է նաև արդյունավետ տնտեսական համագործակցության համար։
«Եվ որքան էլ որ մեր տնտեսական հարաբերությունները դեռ չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին, մենք հաստատուն քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ: Եվ ինչպես պարոն նախագահն ասաց` ես այսօր առավոտյան ՄԵԴԵՖ-ում փորձում էի համոզել ֆրանսիացի գործարարներին, որ Հայաստանում ներդրումային բարենպաստ պայմաններ կան, առաջարկեցի նրանց գալ Հայաստան և ներդրումներ կատարել: Փորձեցի համոզել այն իրականությամբ, որ այսօր Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, կարող է հարթակ լինել նրանց համար` արտադրելու Հայաստանում և իրացնելու Եվրասիական տնտեսական միության 170 միլիոնանոց շուկայում», - ասել է Ս.Սարգսյանը։
Նախագահի խոսքով, ունենալով Իրանի հետ լավ հարաբերություններ, Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման ընթացքում այդ երկրի հետ պահպանելով լավ հարաբերություններ, ճանաչելով իրանական շուկան և Իրանի ժողովրդին՝ Հայաստանը ևս կարող է առաջատար ֆրանսիական ընկերություններին օգտակար լինել, եվրոպական ընկերություններին հարթակ ծառայելով` ունենալով հնարավորություններ և այդ հնարավորություններն ի սպաս դնել մեր այս հարաբերությունների զարգացմանը», - ասել է Ս.Սարգսյանը։
Նա նշել է, որ եթե ֆրանսիական բիզնեսը ծաղկի Իրանում, Հայաստանը ևս կլինի օգտատերերի թվում: