08/03/2017 15:06
Ադրբեջանցիները ներողություն են խնդրել Դաշնակցությունից
Օրերս 350 ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է Սոցիալիստական կուսակցություններին միավորող աշխարհի ամենամեծ կառույցի` Սոցինտերնի 25-րդ համագումարը, տեղեկացնում է «Երկիր մեդիա»-ն:
1907թ.-ից Սոցինտերնին անդամակցում է նաև Հայ հեղափոխական Դաշնակցությունը: Համագումարին ՀՅԴ-ն մասնակցում էր Կանադայից, Միացյալ Նահանգներից և Արգենտինայից ժամանած ներկայանալի կազմով:
Դաշնակցությունից ելույթ ունեցավ Մարիո Նալբանդյանն, որը խոսեց Արցախյան համակարտության, Ցեղասպանության մասին, ինչպես նաև` դեմ արտահայտվեց Ադրբեջանի ընկերվար-ժողովրդավար կուսակցության անդամակցությանը կառույցին:
«Ես առարկում եմ Ադրբեջանի ընկերվար-ժողովրդավար կուսակցությանն այս կառույցի լիիրավ անդամի կարգավիճակ տալու առաջարկին` հաշվի առնելով այս կուսակցության ներկայացուցիչների պահվածքը Ժնևյան նիստի ժամանակ, որտեղ հայությանը մեղադրում էին ցեղասպանություն գործելու մեջ», - ասաց Մարիո Նալբանդյանը:
Այս արտահայտության համար Ադրբեջանի պատվիրակները հրապարակային ստիպված են եղել ներողություն խնդրել` հետո արդեն լիիրավ անդամի կարգավիճակ են ստացել:
Նշենք, որ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է Սոցինտերնի փոխնախագահ: