08/03/2017 14:08
Համանախագահները հուսով են, որ մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումների հնարավորություն կլինի
Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է անհապաղ վերսկսեն բանակցությունները, Aysor.am-ին ասաց ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Շփման գծի հատվածում վերջերս տեղ գտած միջադեպերը վերստին ցույց են տալիս, թե ինչու է անհրաժեշտ, որ կողմերը անհապաղ վերսկսեն բանակցությունները՝ համակողմանի կարգավորման ուղղությամբ», - նշեց նա::
Ամերիկացի համանախագահի խոսքով, Միացյալ Նահանգները «շարունակում է հաստատակամորեն պնդել, որ չի կարող լինել վերադարձ լայնածավալ ռազմական գործողությունների և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում»:
«Համանախագահները մշտապես հարմար առիթներ են փնտրում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների հանդիպումների համար, և հուսով ենք, որ մոտ ապագայում նման հնարավորություն կլինի: Իսկ մինչ այդ, մենք մշտապես կապի մեջ ենq նախարարների հետ և պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել բանակցությունների», - ընդգծեց Ռ.Հոգլանդը: