08/03/2017 16:00
Տեղի է ունենալու մեր հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք». «Farell» ապրանքանիշի հիմնադիր Գոռ Հարոյանը Հայաստանում է
Ֆրանսիայում հայտնի «Farell» ապրանքանիշի հիմնադիր Գոռ Հարոյանն օրերս իր կյանքի ամենակարևոր քայլերից մեկն արեց. երիտասարդ գործարարը, թեև սիրելիին հանդիպել է սիրո քաղաք Փարիզում, սակայն նշանադրության արարողությունը տոնեց հայրենիքում:
«Ծանոթացել ենք տարիներ առաջ: Ցանկություն ունեի, որ ընտրյալս հայուհի լինի, ու լավ է, որ հենց այդպես էլ եղավ: Կարևորը՝ կյանքս կապել եմ նրա հետ, ում սիրում եմ… Մեր նշանադրությանը ներկա էին մեր հարազատներն ու ընկերները: Շատ հաճելի ու գեղեցիկ անակնկալներով օր էր», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գ. Հարոյանը:
Ֆրանսիայում բնակվող ծնունդով գյումրեցի փեսայի ընտրյալը նույնպես Գյումրիից է, մասնագիտությամբ իրավաբան Անի Խաչատրյանն այսօր էլ մասնագիտական բնագավառում է աշխատում:
«Ինքս ծնվել ու մեծացել եմ Գյումրի քաղաքում, այնտեղ էլ դպրոց եմ հաճախել: Հետագայում մեկնեցի Ֆրանսիա՝ բարձրագույն կրթություն ստանալու: Այստեղ բնակվում եմ ծնողներիս հետ: Ֆրանսիայում 2 տարի հաշվապահություն եմ սովորել, 3 տարի՝ բիզնես, որից հետո էլ սկսել եմ իմ բիզնես-նախագիծը», - ընդգծեց Գ. Հարոյանը:
Հարցին՝ արդյոք հարսանյաց հանդեսը ևս Հայաստանում կանեն, պատասխանեց.
«Թե որտեղ՝ հետագայում կորոշենք, բայց մի բան հաստատ է՝ տեղի է ունենալու մեր հայկական ավանդույթներին համապատասխան հարսանիք»:
Նկատառմանը՝ չի՞ պատրաստվում «Farell»-ի խանութ-սրահ ունենալ նաև Հայաստանում, երիտասարդ գործարարը խորհրդավոր ժպիտով նկատեց.
«Բավական շատ առաջարկներ ունենք, շուտով սպասեք անակնկալների»:
Բիզնես հիմնելը հեշտ գործ չէ, առավել ևս՝ օտարության մեջ. կա՛մ շատ փող, կա՛մ լավ «թիկունք» է անհրաժեշտ… Ի դեպ, «Farell»-ը արտադրում է միայն կանացի աքսեսուարներ, այդ թվում՝ զուգագուլպաներ:
Արդյոք հիմնադրին առավել դյուրին չէր լինի կռահել տղամարդկանց ճաշակը:
«Նախ ասեմ՝ ամեն ինչ մինչ օրս գործընկերոջս հետ ինքնուրույն ենք արել: Տարիների ընթացքում էլ շատ ընկերներ եմ ձեռք բերել, ովքեր իրենց խորհուրդներով այս հարցում ինձ օգնել են: Նրանց շարքերում նաև հայտնի հայեր կան… Ինչ վերաբերում է ճաշակին, ինձ թվում է՝ ընդհակառակն է, տղամարդկանց ավելի հեշտ է կռահել կանանց ճաշակը: Մենք ավելի լավ գիտենք՝ ի՞նչ է հարկավոր կնոջը, որպեսզի նա դուր գա մեզ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գոռ Հարոյանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է Գոռին և Անիին՝ մաղթելով համատեղ երջանիկ ու երկար տարիներ: