09/03/2017 18:18
Մարտի 24-ից Երևանում կմեկնարկի Music Drive միջազգային ռոք փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարությունն ու «Ռոք ասոցիացիան» ներկայացնում են Music Drive երևանյան միջազգային ռոք փառատոնը, որը կանցկացվի մարտի 24-ին, 25-ին և 26-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ կլինեն նաև ակումբային ելույթներ ու բացօթյա համերգներ հարակից «Անգլիական այգում»: Փառատոնի աջակիցն է «Ազգային թատերական ստեղծագործական միավորումը: Music Drive-ն անցկացվում է առաջին անգամ, բայց հավակնում է դառնալ ամենամյա:
«Ինչու՞ ռոք փառատոն, որովհետև ռոքը երիտասարդությունն է, ազատ մտածողությունը, այն ազատությունը, որին ձգտում ենք բոլորս: Ես համոզված եմ, որ փառատոնը կդառնա ամենամյա և յուրաքանչյուր տարի գարունը մենք կդիմավորենք այս գեղեցիկ փառատոնով: Այն նոր գույն ու տրամադրություն կհաղորդի մեր քաղաքին»,-ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ավելացրեց, որ ֆինանսավորումն ամբողջովին պետական է՝ 33 միլիոն 700 հազար դրամ։ Գումարի չափն, ըստ նախարարի, միանգամայն արդարացված է, քանի որ փառատոնի «բազմապատկող էֆեկտն» անհամեմատ ավելին է լինելու:
Ութ խումբ արտերկրից ՝ Անգլիայից, ԱՄՆ-ից, Շվեդիայից, Դանիայից և այլն: Music Drive-ի գլխավոր համակարգող Վարդան Գրիգորյանի խոսքով, նրանց մեջ կան բավական հայտնի խմբեր, վիրտուոզ երաժիշտներ. «Ինչ վերաբերում է հայ ռոքերներին, փորձել ենք ներգրավել գրեթե բոլորին՝ ինչպես երիտասարդներին, այնպես էլ այնպիսի հայտնի երաժիշտների, ինչպիսիք են Վահան Արծրունին, Արտո Թունջբոյաջյանը և այլն: Այս ժանրում մենք ունենք մեծ ներուժ, որը ներկայացնելու խնդիր կա»:
Փառատոնի նպատակն, ըստ Վարդան Գրիգորյանի, Հայաստանի ներկայությունն ու տեսանելիությունը միջազգային ռոք հարթակում ապահովելն է, փառատոնային ավանդույթներ ձևավորելը, միմյանց հետ շփվելու, փորձով փոխանակվելու հնարավորություն ստեղծելը:
Երաժիշտ Վահան Արծրունու բնորոշմամբ, ժանրային առումով այս փառատոնը բացառիկ երևույթ է՝ fusion-ից մինչև progrock երաժշտություն. «Համացանցում մասնակիցների տեսահոլովակները դիտելուց հետո հասկացա, որ գործ ունենք ապշեցուցիչ մակարդակի հետ»: