09/03/2017 09:28
Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ԼՂ հարցում ստատուս քվոն. Ֆրանսիայի նախագահ
Ղարաբաղյան հարցում հայկական կողմի նպատակը խաղաղությունն է, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը իր բաժակաճառում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից տրված պաշտոնական ճաշին:
«Չծանրաբեռնելով ձեզ ղարաբաղյան հիմնախնդրի մանրամասներով՝ կուզեի ասել միայն, որ մեր նպատակը խաղաղությունն է։ Զենքի ուժը ոչ մեկին և երբեք բարիք չի բերել, խաղաղությունն էլ հաստատվել է այնտեղ, ուր տիրել է դիմացինին ականջալուր լինելու ու խելամիտ փոխզիջումների անհրաժեշտության գիտակցումը։ Ակնհայտ է, որ խաղաղությունը ոչ թե հակասությունների բացակայությունն է, այլ դրանք խաղաղ միջոցներով կարգավորելը», - նշել է Ս.Սարգսյանը:
Իր հերթին Ֆ.Օլանդն ասել է, որ խաղաղ և ապահով ապագա կառուցելու համար մենք պարտավոր ենք շարունակելու մեր ջանքերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորելու գործում:
«Դուք գիտեք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրի պատրաստակամությունը այս հակամարտությանը լուծում գտնելու մեջ: 2016 թվականի ապրիլյան բախումները և մի քանի օր առաջ պատահած դեպքերը դրա ողբերգական ապացույցներն են: Ոչինչ այդքան վատ չէ, ինչքան ստատուս քվոն: 23 տարուց ի վեր կողմերը բանակցում են առանց որոշակի արդյունքի հասնելու», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Նրա խոսքով, բազմաթիվ անգամ լուծումը շատ մոտ էր թվում:
«2014 թվականի հոկտեմբերին ես ինքս նախաձեռնություն վերցրեցի Ձեզ հրավիրելու Փարիզ ադրբեջանցի Ձեր պաշտոնակցի հետ միասին: Մենք առաջընթաց ունեցանք հատկապես հակամարտության ընթացքում անհետացած անձերի ճակատագրի ցավալի հարցում, բայց չկարողացանք ավելի հեռուն գնալ: Սակայն բանակցությունները շարունակելուն ոչ մի այլընտրանք չկա, եթե բոլորս համաձայն ենք, որ հակամարտության ռազմական լուծումը բացառված է: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ համընդհանուր խորհրդակցությամբ՝ Ֆրանսիան անդադար շարունակում է իր միջնորդական ջանքերը: Լուծման պայմանները հայտնի են` «Մադրիդյան սկզբունքներն են», որոնց հիմքերն են` ուժի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականության հարգումը և ինքնորոշման իրավունքը: Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այս ուղղությանը տարվող ցանկացած նախաձեռնությանը», - ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: