10/03/2017 13:30
Պետք է մարդ մնալ անգամ այն դեպքում, երբ հակառակորդը իրեն մարդավարի չի պահում. Նալբանդյան
«Մենք չենք կարող իջնել Ադրբեջանի մակարդակին: Այդ երկրում դիվերսանտները, մարդասպանները, դահիճները հռչակվում են Ազգային հերոսներ», - հույն գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե ճի՞շտ են հայկական կողմի միակողմանի քայլերը, երբ ի հակառակ Բաքվի, հայկական կողմը մշտապես վերադարձնում է դիվերսանտների դիերը:
Նախարարի խոսքով, Հայաստանը և Արցախը մշտապես հանձնառու են գործել միջազգային մարդասիրական իրավունքին և կոնվենցիաներին համապատասխան:
«Բայց այստեղ խոսքը ոչ միայն մարդասիրական իրավունքների ու կոնվենցիաների մասին է, այլ ուղղակի պետք է մարդ մնալ անգամ այն դեպքում, երբ հակառակորդը իրեն մարդավարի չի պահում: Սա է այն մեծ տարբերությունը, որը կա Հայաստանի և Ադրբեջանի միջև», - հավելեց Է. Նալբանդյանը: