10/03/2017 13:33
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա. Նալբանդյան
Ադրբեջանն իր ուզած ձևով է ներկայացնում բանակցային գործընթացը և գլխիվայր է դնում ամբողջը, միայն մեկ կամ երկու կետի մասին է խոսում՝ ձևացնելով, թե միայն դրա մասին է խոսվում, հույն գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Այն սկզբունքները, որոնք մշակվել են եռանախագահների կողմից և գտնվում են բանակցությունների սեղանին, մշակվել են որպես մեկ ամբողջություն և չի կարելի մեկ սկզբունքը անջատել մյուսից», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։
Արտգործնախարարը նշեց, թե ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին ներկա պահին խոսք չկա։
«Եթե այդպիսի նախաձեռնություն լինի, մենք հանրությունից գաղտնի չենք պահի, ամեն ինչի մասին բացեիբաց խոսում ենք։ Այդ Ադրբեջանն է, որ ամեն ինչ իր ուզած ձևով է ներկայացնում։ Ադրբեջանական կողմը պետք է պատրաստ լինի բանակցությունների, այլ ոչ թե ձևացնի, թե պատրաստ է։ Շանտաժների լեզվով բանակցություններ վարելն անհնար է։ Ներկա պահին խոսվում է միայն եռանախագահների հանդիպման մասին», - ասաց Էդվարդ Նալբանդյանը։