11/03/2017 15:15
ՄԱԿ-ից հայտնել են 1945 թվականից հետո ամենամեծ հումանիտարի ճգնաժամի մասին
Աշխարհը 1945 թվականից հետո ապրում է ամենալուրջ հումանիտար ճգնաժամը, չորս երկրում ավելի քան 20 միլիոն մարդ տառապում է սովից: Այս մասին Associated Press-ին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով բաժնի ղեկավար Ստիվեն Օ’Բրայենը, փոխանցում է РИА Новости-ն:
Նա հստակեցրել է, որ առանց միջազգային կազմակերպությունների «համակարգված գլոբալ ջանքերի» այդ մարդիկ ուղղակի կմահանան: Նրա խոսքով, աղետի կանխարգելման համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ֆինանսական օգնություն ցուցաբերել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային, մինչև հուլիսին անհրաժեշտ է հավաքել առնվազն 4,4 միլիարդ դոլար:
«Առանց այդ գումարի երեխաները կլինեն թերսնված և չեն զարգանա, չեն կարող գնալ դպրոց, ապագա չեն ունենա», - ընդգծել է Ստիվեն Օ’Բրայենը: