13/03/2017 14:29
Հայաստանի տնտեսական պայմաններում 6,5-7% տնտեսական աճ արձանագրելը բարդ է. Ատոմ Մարգարյան
Որոշ կուսակցությունների և դաշինքերի նախընտրական ծրագրերում ներկայացված 6,5-7% հասնող տնտեսական աճը ծանր նշաձող է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
«Այնպիսի ուժեր, ինչպիսին են՝ «Ելք»-ը, «Ազատ Դեմոկրատներ»-ը և «Ծառուկյան դաշինք»-ը հստակ թվեր են մատնանշում. 6,5-7% տնտեսական աճ արդեն 2018 թվականից, որը շատ ծանր նշաձող է: Ծանրորդի համար, եթե նա այդ քաշային կարգում չէ ու խնդիրներ ունի, այդպիսի տնտեսական աճ ապահովելը բավականաչափ բարդ է», - նշեց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ որոշ կուսակցությունների և դաշինքերի պնդումները, որ Հայաստանը կարող է մտնել ԵՄ և դառնալ լիարժեք անդամ շատ կարճ ժամանակամիջոցում, դա ֆանտազիայի ոլորտից է:
«Խնդիրը մեր տնտեսական և տնտեսա-քաղաքական պարամետրերի կացության մեջ է: Այսօր մեր տնտեսությունը, եթե փորձենք մասնագիտական գնահատականներ տալ, ասենք, տնտեսական անվտանգության այն շեմերը, այն նվազագույն ցուցանիշները, որով բնութագրվում է երկրի տնտեսական սիստեմը, մենք բավականաչափ հեռու ենք նույնիսկ նվազագույն շեմերից», - հավելեց մասնագետը: