13/03/2017 11:38
Վարդան Պետրոսյանը ազատ է և արդեն կարող է մեկնել Հայաստանից
Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կրելուց պայմանական վաղակետ ազատ է արձակվել և կարող է մեկնել Հայաստանից: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ Վարդան Պետրոսյանն ազատ է արձակվել իրավական օրինական ընթացակարգերի միջոցով:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը բավարարել է Վարդան Պետրոսյանի դիմումը պայմանական վաղակետ ազատ արձակվելու վերաբերյալ: Դրանից հետո ՀՀ նախագահին առընթեր վաղակետ պայմանական ազատ արձակման անկախ հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել կալանավայրի միջնորդությունը: Այնուհետև դատարանը որոշում է կայացրել Վարդան Պետրոսյանին պայմանական վաղակետ ազատ արձակելու մասին, իսկ դա նշանակում է, որ Վարդան Պետրոսյանը կարող է այս պահին երկրից մեկնել», - ներկայացրեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նրա խոսքով, տարածված տեղեկությունները, թե Պետրոսյանին ներում է շնորհվել, իրականությանը չեն համապատասխանում: «Վարդան Պետրոսյանը երբևիցե չի դիմել Հանրապետության նախագահին ներում շնորհելու համար, չնայած այն բանին, որ մի քանի անգամ նույնիսկ ինձ են առաջարկել նման հարցով դիմել Վարդան Պետրոսյանին, սակայն նա մերժել է: Եթե ներում լիներ ինքը շատ շուտ ազատության մեջ կլիներ», - ասաց Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանը անազատության մեջ էր 2013 թվականի հոկտեմբերից: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
2013 թվականի հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզում Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով երկու երիտասարդներ՝ հորեղբորորդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Ինքը՝ դերասանը տեղափոխվել էր հիվանդանոց: