14/03/2017 12:31
Հայալեզու գրքերի պահանջարկն աճել է. «Զանգակ» գրատունը հինգ տարեկան է
Երեկ «Զանգակ»-ում նշում էին հրատարակչությանը կից գործող համանուն գրատան հիմնադրման 5-ամյակը: Հրատարակչության անձնակազմի կողմից այդ առիթով նախաձեռնվել էր զրույց-քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ:
Քննարկման հիմնական թեմաներն էին «Գրախանութը որպես մշակութային և ընտանեկան ժամանցի միջավայր», «Հրատարակչություն-գրադարաններ համագործակցության զարգացման հեռանկարները» և «Գրքերի հանրայնացմանն ու իրացմանն ուղղված նոր գործիքներ ու եղանակները»:
Մինչ բուն քննարկմանն անցնելը, հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը ներկաներին համառոտ ներկայացրեց գրատան հիմնադրման օրվանից կատարված աշխատանքը, իրականացված միջոցառումները և ձեռքբերումները: Նրա խոսքով՝ առաջին բանը, որ արվել է հայալեզու հրատարակությունները նույն ուշադրությամբ ներկայացնելն է եղել, որն, ըստ նրա, դրական արդյուքն է տվել, քանի որ ներկայում շատ ավելի են սկսել նախապատվությունը տալ հայալեզու գրականությանը:
Հարցին՝ գրատան հիմնադրման օրվանից աճել է ընթերցողների թիվը, թե՞ նվազել է, Էմին Մկրտչյանը պատասխանեց, որ ամեն օր նկատվում է տպագիր գրքի նկատմամբ հետաքրքրության աճ, իսկ նոր ստեղծվող գրախանութներն այդ աճի ապացույցն են:
Aysor.am-ի թղթակիցը խնդրեց տնօրենին թվարկել այն խնդիրներն ու բացերը, որոնք առկա են ոլորտում, նա ներկայացրեց. «Մեզ մոտ, առաջին հերթին, մարդկային ռեսուրսի խնդիրն է բոլոր առումներով, այսինքն՝ շուկայի փոքր լինելն է մեզ խանգարում, թե՛ մասնագետների, թե՛ գրողների՝ ստեղծագործելու ջանքերն ու տեմպերը: Մեր ստեղծագործները սիրում են հանգիստ գրել. մի քանի տարում, օրինակ, մեկ վեպ գրել, բայց աշխարհում այլ տեմպեր են»:
Բուն քննարկման ընթացքում ոլորտի տարբեր ներկայացուցիչներ առաջարկեց ոլորտն ավելի գրավիչ դարձնելու համար իրենց պատկերացրած հնարավոր լուծումները: Քննարմանը ներկա գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն առաջարկեց գրատների տարածքն ավելի մեծացնել, որպեսզի ընթերցողների համար շատ ավելի հեշտ լինի գտնել իրեն հետաքրքրող գիրքը: Իսկ Իսահակյանի անվան գրադարանի ներկայացուցիչը դժգոհեց, որ գրքերի քանակը սահմանափակ է, ինչի պատճառով ընթերցողներին շատ անգամ ստիպված են լինում հայտնել՝ գիրքը ձեռքի վրա է:
Քննարկմանը ներկա ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն առաջարկեց քննարկումներ անցկացնել լոկալ մակարդակով, այսինքն՝ հրատարակիչների, գրախանութների տնօրենների, գրադարանների տնօրենների հետ առանձին՝ ոլորտը բարելավելու համար համակարգված լուծումներ գտնելու նպատակով: