15/03/2017 10:07
ՊԵԿ նախագահը հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել. «Ժամանակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից մեկը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն, այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, երկրով մեկ ամբողջ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել։
Անանուն մնալու պայմանով ՊԵԿ աշխատակիցներից «Ժամանակ»-ին պատմել են, որ հարկային ստորաբաժանումների տնօրենները բոլոր աշխատակիցներին կանչում և հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների և հարազատների ընտանիքների անձնագրերի տվյալները ներկայացնել։ Իսկ ով համարձակվում է հրաժարվել կամ բացահայտ ասում է, որ քաղաքական այլ նախապատավություն ունի, վերադասը հորդորում է անձնագրի տվյալներից բացի ներկայացնել նաև ազատման դիմումը։ Ընդ որում, անձնագրային տվյալների հավաքագրումից բացի, ՊԵԿ ղեկավարությունն իր աշխատակիցներին յուրաքանչյուր ընտրատարածքում մատնացույց է անում նաև ՀՀԿ-ի այն ռեյտինգային թեկնածուին, որին պետք է ընտրել։
Պարզվում է, որ նույն ռեպրեսիվ մեթոդներով Վարդան Հարությունյանը աշխատել է «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենի պաշտոնում։