15/03/2017 12:23
Կասիլյասը եվրագավաթներում իր մասնակցությամբ կրկնեց Չավիի ռեկորդը
Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը, մասնակցելով Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպմանը, 173-րդ խաղն է անցկացրել եվրագավաթներում, հայտնում է Football24.ua-ն:
Այդ ցուցանիշով 35-ամյա Կասիլյասը կրկնել է եվրագավաթներում ամենաշատ խաղ անցկացրած իսպանացի լեգենդար կիսապաշտպան Չավիի ռեկորդը: Այժմ քաթարյան «Ալ Սադում» հանդես եկող Չավին եվրագավաթներում 173 խաղի մասնակցել է «Բարսելոնի» կազմում:
Այդ ցուցանիշով երրորդ տեղում է իտալական «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինին՝ 168 խաղ:
«Պորտուն» պատասխան խաղում նվազագույն հաշվով պարտվել էր «Յուվենտուսին» և լքել պայքարը: Պորտուգալիայում կայացած խաղում ևս հաղթել էր Իտալիայի չեմպիոնը՝ դարպասն ուղարկելով 2 անպատասխան գնդակ: