16/03/2017 16:40
Ինչպե՞ս են Երևանից գողացել Վրուբելի կտավը. Նախագահ Սարգսյանի մոսկովյան հայտարարության հետքերով (Տեսանյութ, լուսանկարներ)
22 տարի առաջ Երևանում Ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը հայտնաբերելու և թանգարանին վերադարձնելու մասին լուրը անակնկալ է եղել թանգարանի աշխատողների համար: Այսօր տնօրեն Մարինե Մկրտչյանի հեռախոսը չէր դադարում զանգել՝ աչքալուսանք, հարցազրույցներ, շնորհավորանքներ:
Գեղանկարիչ Միխայիլ Վրուբելի հայտնի կտավի հայտնաբերման և վերադարձի մասին երեկ առաջին անգամ խոսեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում:
Ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները Ս.Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն էր հայտնել նրան Վռուբելի կտավը Հայաստանին վերադարձնելու համար:
«Ռուսաստանի համապատասխան մարմինների ջանքերի շնորհիվ այս կտավը գտնվել է, և այսօր Վլադիմիր Վլադիմիրին հայտնեց Հայաստանին այդ նկարը փոխանցելու ռուսական կողմի մտադրության մասին», - ասել էր Ս.Սարգսյանը:
«Երեկ հեռուստատեսությամբ լսեցինք, և լուրը մեզ համար մեծ անակնկալ էր: Շատ հուզիչ էր այդ ամենը լսելը: Դա մեր գլխավոր ու արժեքավոր գործն էր», - Aysor.am-ին տված հարցազրույցում ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանը:
Ցուցանմուշների պահապան Ծովինար Աղայանը թանգարանում աշխատում է արդեն 35 տարի, և «Վրուբելի վերադարձը» նա համարում է երկարամյա աշխատանքի հոբելյանի կապակցությամբ արված մեծագույն նվերը:
Հիշում է՝ «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը իր սրահից են գողացել 1995 թ. հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը. «Կիրակի էր, երկուշաբթի պետք է գայինք աշխատանքի, հանկարծ առավոտյան զանգ եմ ստանում, հարևանս ասում է՝ Ծովինար ձեր թանգարանը ջարդել են: Հետո պարզեցինք, որ կտրել են թելը ու տարել նկարը»:
Այնուհետև հաղորդում հանցագործության մասին, ոստիկաններ, հարցաքննություն, քրեական գործ և նույնիսկ «Ինտերպոլի» օգնությամբ հանցագործների երկար տարիների ապարդյունք փնտրտուք:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Վերա Կալչուրինան 34 տարի աշխատում է այստեղ, ասում է, երբեք չեն դադարել հետաքրքրվել իրավապահներից գողության քննության ընթացքի մասին: Հիշում է՝ մեծ ցավ էր իրենց համար Վրուբելի կտավի կորուստը:
Ցուցադրվող նմուշները, նրա խոսքով, բացառիկ են ու ծանոթացնում են մարդկանց ռուսական բարձրարժեք կերպարվեստին:
«Մենք բացառիկ ենք այն առումով, որ Վրուբելի մի քանի ստեղծագործություն ունենք: Գողացված կտավը մեզ համար գանձ էր, շատ էինք վշտացել և ներքին համոզմունք եմ ունեցել, որ այն կվերադառնա մեզ մոտ», - ասաց Վերա Կալչուրինան:
Թանգարանում դեռ չգիտեն՝ ինչպես կփոխանցվի կտավն իրենց, բայց պատրաստ են մեծ շուքով ընդունել այն: