17/03/2017 14:43
Տպագիր գրքի հոտն անհնար է շփոթել. Գրքի ստեղծման տպարանային փուլ. (Տեսանյութ, լուսանկարներ)
Գրքի ստեղծման առաջին փուլը մինչև տպարան հասնելը, ինչպես ներկայացրել էինք նախորդ նյութում, այդքան էլ դյուրին գործընթաց չէ և պահանջում է պրոֆեսիոնալ և գրագետ մոտեցում: Ինչպես է ձեռագիր գործը վերածվում տպագիր գրքի և վերջնական տեսքը ստանամ տպարանում, կպատմենք այս հոդվածում:
Aysor.am-ի թղթակցի խնդրանքով «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը փուլ առ փուլ պատմեց և ներկայացրեց տպագիր գրքի տպարանային էտապը: Մարդկային գործոնն այստեղ որոշակիորեն զիջում է թվայնացված մեքենաներին, որոնք անդադար աշխատում են և լավ իմաստով աղմկում:
Երբ ձեռագրի էլեկտրոնային նմուշը կրիչով տեղափոխվում է տպարան, դրա հիման վրա պատրաստվում են տպաձևեր: Համաձայն դրանց՝ առաջին արտադրամասում եղած չորս հիմնական գույներով հագեցած սարքավորումը ծրագրավորվում է, և մաքուր թղթի վրա տպվում է մամուլը, որը դեռ ծալած և կտրտված չէ: Կա նաև այլ մեքենա, որը բացառապես նախատեսված է սև և սպիտակ գրքերի համար:
Երկրորդ փուլը՝ մամուլի ծալման պրոցեսն է: Ծալման համար նախատեսված սարքավորումը կարող է ծալել նաև դեղահաբերի վերաբերյալ տուփում առկա ցուցումները:
Ծալելուց հետո այն պետք է կարել, որն արվում է երկու եղանակով՝ մետաղական և թելային: Կարելու համար նախատեսված սարքավորումը առանձին սարքավորումից ավտոմատ կերպով վերցնում է գրքի համար արդեն իսկ պատրաստված շապիկը, կցում այն արդեն իսկ ծալած մամուլին և կարում, իսկ չստացված օրինակները՝ առանձնացնում: Կարելուց հետո երեք կողմից ավելորդ մասերը կտրվում են:
Եվ ահա այսքան սարքավորումներ անցնելուց հետո՝ կայանում է տպագիր գիրքը և հանձնվում ընթերցողի դատին: