18/03/2017 14:56
«Հաց բերողի» մահվան գործով ՔԿ-ն բավարարել է փորձագետներ հրավիրելու միջնորդությունը, բայց փորձագետներ դեռ չկան
«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշումն առկա է և ցանկացած պահի կարող է այն սկսվել. վարույթն իրականացնող մարմինը բավարարել է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները միջնորդությունը միջազգային փորձագետներին փորձաքննությանը մասնակից դարձնելու վերաբերյալ: Այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
«Մենք կողմին խնդրել ենք հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել իրենց իսկ առաջարկած փորձագետների մասնակցությունը: Հիմա աշխատանքային կարգով քննարկում ենք իրենց հետ, որպեսզի ապահովեն փորձագետների ներկայությունը», - ասաց Ս. Տռուզյանը:
Արթուր Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը Aysor.am-ի թղթակցին ասաց, որ հստակ չի կարող նշել, թե որտեղից, ինչ փորձագետ է հրավիրվելու փորձաքննության անցկացմանը մասնակցելու համար:
«Առայժմ այդ հարցը լուծված չէ, մենք այդ հարցով ենք զբաղված, դեռ չի որոշվել ոչինչ», - ասաց Տ.Եգորյանը:
- Ովքե՞ր են լինելու, ի՞նչ փորձագետներ են:
- Ես չգիտեմ դեռ: Հիմա էդ պրոցեսն է ընթանում:
- Որտեղի՞ց եք հրավիրելու միջազգային փորձագետներ և ինչքա՞ն ժամանակ է դրա համար պահանջվելու:
- Ես չգիտեմ, հիմա այդ բանակցություններն են ընթանում Քննչական կոմիտեի հետ համատեղ: Ես չգիտեմ: Հիմա էդ պրոցեսն է: Հենց որ որոշակի բան լինի, տեղեկատվություն կհրապարակենք:
Այլ հարցերի Տ.Եգորյանը չպատասխանեց:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Արմենիա» բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քրեական գործով նշանակված դատաբժշկական փորձաքննությամբ առավել օբյեկտիվ և սպառիչ եզրակացություն ստանալու համար «Արմենիա» բժշկական կենտրոնից, «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներից առգրավվել են նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր բժշկական փաստաթղթերը։
Ի դեպ, ճշգրիտ տվյալներ ապահովելու համար, ըստ մասնագետների, դատաբժշկական փորձաքննություն պետք է անցկացվի մահից 48 ժամվա ընթացքում։