18/03/2017 14:50
Քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում մեծամասամբ անիրատեսական խոստումներ են. Թաթուլ Մանասերյան
Քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերում շատ են անիրատեսական խոստումները, լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերի մասին քննարկմանը։
Նա ընդգծեց, որ քննարկումը զուտ մասնագիտական դաշտում է իրականցվում, ուստի պետք է զերծ մնալ այն քաղաքականացնելուց:
«Ցավոք սրտի, բազմաթիվ են խոստումները, որոնք անգամ տնտեսագետ չլինելով կարելի է գնահատել որպես անիրատեսական: Խոստումները հանրության մոտ ձևավորում են բացասական տրամադրություններ, առանց այդ էլ շատ մեծ վստահություն չկա ընտրությունների և քաղաքական ուժերի հանդեպ, և սա ավելի է սրվում, երբ խոստումները դառնում են անիրատեսական», - ասաց տնտեսագետը:
Վերջինս նաև անիրատեսական որակեց քաղաքական ուժերի՝ հարկերն իջեցնելու կամ ՓՄՁ-ները հարկերից ազատելու, նվազագույն և միջին աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացման մասին խոստումները: