20/03/2017 15:48
«Ալեքս տեքստիլ»-ը համագործակցության վերաբերյալ բանակցում է «Zara»-ի և «H&M»-ի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Նախագահը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, «Ալեքս տեքստիլ»-ի ղեկավարության և հյուրերի հետ շրջել է ընկերության արտադրամասերում, ծանոթացել կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին, արտահանման ծավալներին և ընկերության զարգացման ծրագրերին:
«Ալեքս տեքստիլ» ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերության գործարաններն աշխարհում ամենաարագներից են:
«Մինչև այժմ կատարվել է մոտ 7 մլն եվրո ներդրում: Ծրագրում ենք նաև նման արտադրամասեր բացել մարզերում», - ասաց Մարատ Մովսիսյանը:
Նա նշեց, որ արտադրանքը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին:
«Մեզ մոտ հիմա ներկա են «Zara»-ի և «H&M»-ի մատակարարները: Բանակցում ենք նրանց հետ համագործակցության մասին», - ասաց Մարատ Մովսիսյանը:
Մանկանան ու նորածինների հագուստի արտադրամասի պետ Ժորա Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տվյալ արտադրանքը դեռևս միայն արտահանվում է.
«Ունենք մանակական «բոդիներ», «կոմբինիզոններ», տաբատներ, որոնք արտահանվում են Ռուսաստան: Աշխատում ենք «Детский мир»-ի հետ, որն ամբողջ Ռուսաստանում ունի մոտ 600 խանութ: Կոնկրետ այս արտադրամասը գործում է մոտ մեկ ամիս և ապահովում է 300-350 աշխատատեղ», - ասաց արտադրամասի պետը: