20/03/2017 13:44
Ես պատրաստ չեմ այդ ռեժիմների հետ հաշվի նստել. Անտոն Նոսիկը Ադրբեջանում խոսքի ազատության մասին
Ես ալիևյան կլանից չեմ և ազատ կարող եմ իմ կարծիքն արտահայտել այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ, նման կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Արցախում անցկացվող բլոգերների ֆորումի մասնակից, Մոսկվայից ժամանած բլոգեր Անտոն Նոսիկը, ով առաջին անգամ է Արցախում:
«Նրանք պարտավոր չեն նեղանալ իմ գրածներից: Միայն իրենց իշխանության մասին չէ, որ գրում եմ: Կան տարբեր երկրներ, որտեղ տարբեր հայացքների տեր մարդիկ ապրում են կողք կողքի, բանավիճում ու քննարկումներ իրականացնում, կան երկրներ էլ, որտեղ որոշակի կարծիքի համար կարող են մարդուն հետապնդել ամբողջ աշխարհով մեկ և դատապարտել: Իմ աշխատանքը ազատ մտքեր արտահայտելն է: Կան ռեժիմներ, որ դա ընդունում են, կան որ ուզում են միայն իրենց կարծիքը գոյություն ունենա, իսկ մնացածի համար մարդիկ բանտ են ուղարկվում: Ես այս ռեժիմների հետ հաշվի նստել պատրաստ չեմ: Եթե նրանք ուզում են վախեցնել, ես չեմ ուզում վախենալ», - ասաց նա:
Խոսելով Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին՝ բլոգերը նշեց, որ դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում էր:
«Պոստսովետական տարածքում Լուկաշենկոն նուրբ քաղաքականություն է վարում: Նրա համար կարևոր են գազի և նավթի շուրջ Բաքվի հետ հարաբերությունները, իսկ մարդու իրավունքները, խոսքի ազատությունը ոչ մի արժեք չի ներկայացնում: Ես պատրաստ չեմ այս հետաքրքրությունների հետ հաշվի նստել: Ես ոչ մի կապ չունեմ ալիևյան կլանի հետ, ինչը կկաղապարի ինձ բարձրաձայնել այն, ինչ ես մտածում եմ նրանց ռեժիմի մասին», - ընդգծեց բլոգերը:
Անդրադառնալով Ստեփանակերտից ստացած տպավորություններին՝ Նոսիկը նշեց, որ Ստեփանակերտը ի տարբերություն Երևանի և Թբիլիսիի, որոնք ավելի շատ միջոցներ ունեն քաղաքաշինության համար, ավելի խնամված տեսք ունի: