20/03/2017 12:42
Ստեփանակերտի օդանավակայանը չի շահագործվում միջազգային կառույցների կողմից եղած ճնշումների պատճառով. Սերգեյ Շահվերդյան
Ստեփանակերտի օդանավակայանը չի գործում ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանի կողմից կան ճնշումներ, այլ՝ այն, որ միջազգային կառույցների կողմից են ճնշումներ նկատվում, այս մասին Արցախում անցկացվող բլոգերների միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Արցախի հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը:
«Ոչ ոք չի կարող ասել, թե երբ այս հարցը կլուծվի: Բայց մենք այլ ճանապարհով ենք գնացել և երկրորդ ճանապարհն ենք կառուցել, որը Արցախը կապում է Հայաստանին: Դա Ստեփանակերտ-Մարտակերտ-Քարվաճառ-Սոթք ճանապարհն է, որը թույլ է տալիս մեծացնել այցելությունների հոսքն Արցախ», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ չի կարող օդանավակայանը գործել ոչ թե միջազգային ֆորմատով, այլ պարզապես Երևան-Ստեփանակերտ չվերթներ իրականացնելով՝ Սերգեյ Շահվերդյանը նշեց.
«Որովհետև այդ հարցով զբաղվող միջազգային կառույցները դա նպատակահարմար չեն համարում: Միևնույն ժամանակ մենք այն ամբողջովին անգործունակ չենք կարող համարել, որովհետև հիմա ուղղաթիռային հաղորդակցություններ են փոխանակվում Հայաստանի հետ, որոնց իրականցման համար թույլտվություն չի պահանջվում: Այս տեսանկյունից կարող ենք ասել, որ օդանավակայանը գործում է, պարզապես քաղաքացիական ինքնաթիռներ թռիչք չեն կատարում»: