20/03/2017 15:40
Արցախում ընդունել են Բելգիայի Դաշնային և Բրյուսելի Շրջանային խորհրդարանների պատգամավորներին
Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Ստեփանակերտ ժամանած Բելգիայի Թագավորության Դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատգամավորներ Անդրե դե Բյուս դե Վարնաֆը, Էմանուել դե Բոկը և Պիեռ Կոմպանին այսօր Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան» բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախյան ազատագրական պայքարում նահատակված հայորդիների:
Բելգիացի խորհրդարանականներին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Փոխադարձ այցերի հաճախականությունը ցույց է տալիս Բելգիայում Արցախի և նրա ազատագրական պայքարի հանդեպ ունեցած հետաքրքրությունը»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Բրյուսելի Շրջանային խորհրդարանի անդամ Պիեռ Կոմպանին, ով առաջին անգամ է Արցախում, խորհրդարանի նախագահին է ներկայացրել Արցախի վերաբերյալ իր դիտարկումը. «Ես այստեղ տեսնում եմ երկիր, որի նպատակը ոչ թե ամեն գնով առանձնանալն է, այլ՝ պատմական սխալն ուղղելը: Սա ինձ համար մեծ դաս է»:
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաև ուրվագծել փոխգործակցության որոշակի ուղղություններ: