20/03/2017 11:50
ՌԴ-ն որոշեց, որ կարող է խախտել 20 տարուց ավել կողմերի միջև ստեղծված հավասարակշռությունը և սկսեց Ադրբեջանին զենք վաճառել. Հրաչյա Արզումանյան
Այսօր Արցախում մեկնարկեց բլոգերների միջազգային ֆորումը, որի շրջանակում կքննարկվեն հարցեր սոցիալական մեդիայում հակամարտությունների ներկայացման և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովման վերաբերյալ:
«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանն անդրադարձավ ԼՂՀ հակամարտության խնդրին:
Նրա խոսքով՝ վերջին 4-5 տարվա ընթացքում ՌԴ-ն որոշեց, որ կարող է խախտել 20 տարուց ավել կողմերի միջև ստեղծված հավասարակշռությունը և սկսեց Ադրբեջանին զենք վաճառել:
«Ինչո՞ւ է դա արվել, ես չգիտեմ, բայց փաստն այն է, որ 2016 թվականին ստեղծվեցին բոլոր պայմանները, որ 20 տարուց ավել հաստատված իրավիճակը խախատվի: Սկսվեց այն, ինչ մենք անվանում ենք ապրիլյան պատերազմ», - նշեց նա:
Անդրադառնալով ապրիլյան պատերազմի առավելություններին ու թերություններին՝ Հ. Արզումանյանն ասաց. «Ադրբեջանական կողմը կարողացավ ժամանակավոր կոալիցիա ստեղծել և ստանալով Իսրայելի, Թուրքիայի և Ռուսաստանի համաձայնությունը՝ ռիսկի դիմեց ու նոր պատերազմի գնաց: Մինչդեռ 4 օրվա ընթացքում ՌԴ-ն, Իսրայելը և Թուրքիան հասկացան, որ այս գործողությունները հեռանկար չունեն, դեռ ավելին՝ վտանգ կար, որ Ադրբեջանը նոր տարածքների կորուստներ կկրի»:
Խոսելով թերություններից՝ փորձագետն ընդգծեց, որ հայկական կողմը պատրաստ չէր անակնկալ հարձակմանը, ուստի Ադրբջանն օգտագործեց անսպասելիության գործոնը: Միևնույն ժամանակ Հ. Արզումանյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում Հայաստանը կարողացավ ինքնակազմակերպվել և ինքապաշտպանություն կազմակերպել: