20/03/2017 13:05
Ամեն ինչ անիմաստ էր, որովհետև ոչ մի նավթ էլ մենք չստացանք, բոլոր կողմերից պարտություն կրեցինք. բելառուսցի բլոգերը՝ Լապշինի արտահանձնման մասին
Բելառուսական իշխանությունները դժվար թե մի օր իրենց քաղաքացուն փոխանակեն նավթի հետ, ինչպես եղավ Լապշինի դեպքում, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բելառուսցի ֆրիլանսեր, բլոգեր Ալեքսանդր Գոյշիկը, ով մասնակցում է Արցախում կազմակերպված բլոգերների միջազգային ֆորումին:
Վերջինիս պնդմամբ՝ այս քայլով Բելառուսն ուզում էր Ադրբեջանի կողմից որոշ առավելություններ ստանալ, մինչդեռ արդյունքում պարտվողի կարգավիճակում հայտնվեց:
«Ես ինքս ճանապարհորդ եմ ու գիտեմ, թե ինչ վատ է դառնալ խաղաքարտ նման քաղաքական խաղի մեջ: Ցավոք, այս խաղը շատ վատ անդրադարձավ Բելառուսի միջազգային իմիջի վրա: Ամեն ինչ անիմաստ էր, որովհետև ոչ մի նավթ էլ մենք չստացանք ու բոլոր կողմերից պարտություն կրեցինք: Բելառուսցիները դեմ էին իշխանության նման որոշմանը», - ընդգծեց նա:
Վերջինս հավելեց, որ սա իր երրորդ այցն է Ստեփանակերտ:
«Առաջին անգամ տասը տարի առաջ էի այստեղ, երկրորդ անգամ մեկ տարի առաջ եկա, ռազմական գործողությունների ժամանակ հոդված գրեցի: Իսկ երբ ֆորումին մասնակցելու հրավեր ստացա, հաճույքով եկա: Կարող եմ ասել, որ 10 տարիների ընթացքում, քաղաքական ու ռազմական նման լարվածության մեջ գտնվելով հանդերձ, երկիրն այսօր զարգանում է», - եզրափակեց նա: