21/03/2017 11:11
Արամ Աբրահամյան. Բողոքի ակցիաներ, ցույցեր, բախումներ կրակոցներով. Ընտրությունների արդյունքներից բողոքելու է ՕՐՕ դաշինքը (Տեսանյութ)
«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը ընտրական գործընթացներ լուսաբանել է 1991 թվականից և հիշում է, որ ամենահանգիստ ընտրությունները եղել են հենց այդ տարի: Դրանից հետո եղել են հետընտրական բողոքներ, արդյունքների վիճարկում, ցույցեր։
Նա վստահ է՝ 2017-ին լինելու է նույնը։
«Այս տարվա ընտրությունները ևս լինելու են նույնը, կլինեն բողոքի ակցիաներ, ցույցեր, բախումներ՝ գուցե նաև կրակոցներով։ Ընտրությունների արդյունքներից բողոքելու է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքը, սցենարը նույնն է», - «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan ֆորումին ասաց Արամ Աբրահամյանը։
Ինչ վերաբերվում է ընտրական գործընթացների լուսաբանմանը, ապա Ա.Աբրահամյանի խոսքով, ընտրություններին մասնակցող առնվազն երեք ուժ ունի հեռուստաընկերություն, որոնք էլ ապահովում են քաղաքական PR-ը։
«Ավելի լավ կլիներ, որ լինեին անաչառ լրատվամիջոցներ, լուսաբանումներ։ Բայց միաժամանակ պետք է ասեմ, որ հեռուստաընկերությունների աշխատանքն այժմ մոնիտորինգի տակ է, և քաղաքական ուժերի լուսաբանմանը պետք է տրվի հավասար ժամանակ։ Որքան ես գիտեմ, բոլոր հիմնական հեռուստաընկերությունները, բացի այդ երեքից, բոլորը վայրկյաններով հետևում են, որ հավասարաչափ լուսաբանում լինի», - ասաց թերթի խմբագիրը։
Երևանում այսօր մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Asociation) համատեղ ջանքերով։