21/03/2017 22:45
Արծվիկը Ղրիմում չի եղել, սակայն արդարանալ չի պատրաստվում
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը որեւէ պաշտոնական գրություն չի ստացել «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկի Հարությունյանի՝ Ղրիմ այցելության վերաբերյալ։
«Հայաստանն արդեն մեկ տասնամյակից ավելի է՝ մասնակցում է «Եվրատեսիլին»: Այժմ էլ ընթանում են այս տարվա մրցույթի նախապատրաստական աշխատանքները: Ինչ վերաբերում է վերոնշյալ հարցին, ապա Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այս թեմայի վերաբերյալ որևէ պաշտոնական գրություն չի ստացել», - Aysor.am-ին ասացին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն հայտարարել էր, որ ստուգումներ կիրականացվեն Արծվիկի Հարությունյանի՝ Ղրիմ հնարավոր այցելության վերաբերյալ։
Իր հերթին իրավիճակին ծանոթ Aysor.am-ի աղբյուրը տեղեկացրեց, որ Արծվիկը երբեք Ղրիմում չի եղել։
«Իրականում, նա Ղրիմում չի եղել, սակայն նաև հարկ չի համարում արդարանալ այդ արհեստական ստեղծված սադրանքի առնչությամբ», - նշեց մեր զրուցակիցը։