21/03/2017 17:03
Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Գյումրի հատվածի շինարարության վերսկսմանն առնչվող հարցեր
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ մարտի 21-ին այցելել է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության աշխատանքային բազա:
Նախարարը և դեսպանը հանդիպում են ունեցել ընկերության ղեկավար Վեն Սիաոյի հետ:
Կապալառու ընկերության ղեկավարը նախարարին է ներկայացրել եղանակի բարելավման հետ վերսկսվող շինարարական աշխատանքների պլանը, առանձնացրել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է շտկել շինարարության մեկնարկից առաջ:
Քննարկվել են հողահատկացումներին, բետոնափռման, շինարարական աշխատանքներին, որակի վերահսկողության մեխանիզմներին վերաբերող հարցեր: Նախարարը նշել է, որ ցանկացած տիպի խնդիր առաջանալու դեպքում կարող են ամենօրյա քննարկումներ ունենալ նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ և համատեղ լուծումներ գտնել:
Նախարարը կարևորել է բարձր որակով ճանապարհի կառուցումը և հույս հայտնել, որ ընկերությունը հետ չի մնա պայմանագրով սահմանված ժամկետներից:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանն «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ղեկավարությանը առաջարկել է մինչև մարտ ամսվա ավարտը ներկայացնել առաջիկա գործողությունների ամփոփ ծրագիրը: