21/03/2017 11:06
Արա Սաղաթելյան. Երևանում անցկացվող WCFDavos/Yerevan ֆորումի մասնակիցներն ունեն այնպիսի հեղինակություն, որ չես վախեցնի Բելառուսից արտաքսումով (Տեսանյութ)
Երևանում մեկնարկած WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը գլխավորապես նպատակ ունի Հայաստանի որոշակի նեղ միջավայրում բրենդինգը, լրագրողների հետ զրույցում ասաց միջոցառումը կազմակերպած Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արա Սաղաթելյանը։
«Արդեն մեկ ամիս առաջ Դավոսի հեռահաղորդակցության ֆորումի կայքում նշված էր, որ Հայստանում լինելու է նման միջոցառում։ Այստեղ մասնագետները եկել են Ժնևից, որտեղ ևս հայտարարվել է՝ «մենք գնում ենք Հայաստան»։ Հայաստան գալու ժամանակ նրանք օդանավակայաններից իրենց Twitter-ներում ու Facebook-յան էջերում նշում էին, որ գնում են Հայաստան, այսինքն ինչ-որ մուլտիպլիկատիվ էֆեկտ է ստեղծվում, որի արդյունքում շատ մեծ լսարան սկսում է հասկանալ, որ կա Հայաստան ու Հայաստանում կա մասնագիտական միջավայր», - ասաց Արա Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, որ միջոցառումը կարևոր նշանակություն ունի նաև մասնագետների համար, ովքեր հնարավորություն ունեն շփվել գործընկերների հետ այլ երկրներից։
«Այստեղ է, օրինակ, «The Huffington post»-ի ներկայացուցիչը, որի Twitter-ն ունի 1 միլիոն ընթերցող», - ասաց Արա Սաղաթելյանը։
Լրագրողների հարցին՝ հնարավոր չէ՞ ֆորումին ներկա մասնագետներին հրավիրել նաև Արցախ, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահը նշեց, որ «այսօր հնարավոր չէ, քանի որ խիտ գրաֆիկ ունեն»:
«Համենայնդեպս, նրանք ունեն այնպիսի հեղինակություն, որ նրանց չես կարող վախեցնել Բելառուսից արտաքսումով կամ այլ բանով», - ամփոփեց Արա Սաղաթելյանը։
Երևանում այսօր մեկնարկել է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» խորագրով WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կազմակերպվել է Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (World Communication Forum Asociation) համատեղ ջանքերով։