21/03/2017 18:05
Տիկնիկը՝ որպես պատմամշակութային արժեք. Երևանում բացվեց առաջին Տիկնիկային պատկերասրահը
Տիկնիկների և տիկնիկագործների միջազգային օրը՝ մարտի 21-ին, Երևանում բացվեց Տիկնիկների պատկերասրահը, որտեղ ներկայացված էին մոտ 300 նմուշ:
Մոտ 200 տիկնիկ պատկերասրահին նվիրաբերել է լոսանջելեսաբնակ մշակութաբան Ալիս Նավասարգյանը իր անձնական հավաքածուից, իսկ մնացածը հայ 16 անվանի տիկնիկագործների աշխատանքներն են:
«Վերջապես բացվում է «Տիկնիկների պատկերասրահ»-ը Երևանում: Սա նորություն է մեր հայկական իրականության մեջ և այն կոչված է ներկայացնել տիկնիկը նորովի՝ որպես պատմամշակութային արժեք ունեցող երևույթ: Պատկերասրահը պետք է վերածվի արվեստի յուրահատուկ հարթակի, որտեղ պարբերաբար պետք է իրականացվեն տարբեր կրթական, մշակութային, ինչու չէ նաև ժամանցային ծրագրեր, վարպետաց դասեր և տիկնիկային ներկայացումներ», - նշեց «Տիկնիկների պատկերասրահ»-ի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը:
Ալիս Նավասարգյանի հավաքածուի մեջ առկա են անգլիացի հայտնի տիկնիկագործ Փեգգի Նիսբեթի անգլիական պատմության և հայտնի քաղաքական գործիչներին նվիրված 56 տիկնիկներ:
Պատկերասրահը բաղկացած է երկու սրահներից՝ մեկում ներկայացված են հայկական ազգային և ծիսական տիկնիկներ, իսկ մյուսում՝ հեղինակային:
Բացմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ շատ ուրախ է, որ Տիկնիկների պատկերասրահը բացվում է հենց տիկնիկների և տիկնիկագործների միջազգային տոնին, բացի այդ, ընդգծեց, որ պատկերասրահի համար մասնավորի կողմից արվել է մոտ 60 ԱՄՆ դոլար ներդրում:
Տիկնիկագործ Արամ Օհանյանը ներկայացրեց, որ 10 տարի է, ինչ զբաղվում է տիկնիկագործությամբ և աշխատում է իրականին հնարավորիս մոտ կերպարներ ստեղծել:
Մեկ այլ տիկնիկագործ նշեց, որ բոլոր տիկնիկները իր համար հարազատ են, իսկ Չինգիս Խանի տիկնիկը ստանալու համար իրենից պահանջվել է 10 տարի, քանի որ փնտրել է Չինգիս Խանի հայտնի դիմակը: