22/03/2017 11:34
2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համահունչ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2% աճ. Վարդան Արամյան
2017 թվականի օպերատիվ տվյալներով հունվար-փետրվարին պետական բյուջեի ցուցանիշները համահունչ են եղել ընթացիկ տնտեսական զարգացումներին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։
«2017-ի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության աճին համահունչ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների 7.2% աճ, որը պայմանավորված է հարկային եկամուտների 9.7% աճով», - ասաց Վ. Արամյանը։
Նրա խոսքով՝ հարկային եկամուտների աճը պայմանավորվել է ՀՆԱ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական և բնօգտագործման վճարների՝ համապատասխանբար 12.2%, 14.5% և 2.7 անգամ աճի հաշվին։
«Ընդ որում, հարկերի աճին նպաստել են թե՛ տեղական հարկերը, թե՛ ներմուծման հարկերը», - ասաց նա։
Վարդան Արամյանը նշեց, որ պետական բյուջեի ծախսերի հունվար-փետրվարին աճը զիջել է եկամուտների աճին։
«Պետական բյուջեի ծախսերի աճը կազմել է 1.6 տոկոս, որի արդյունքում ձևավորվել է 0.6 միլիարդ դրամ ավելցուկ», - ասաց Վ. Արամյանը։
ՀՀ ֆինանսների նախարարի խոսքով՝ 2017-ին նախորդ տարվանից սկիզբ առած գնանկման միտումները, պահանջարկի վերականգնմանը զուգընթաց, թուլանում են։
«Տասներկուամսյա ՍԳԻ-ն նվազել է 0.2 տոկոսով, որին դրական են նպաստել սննդամթերքի (3.7%) և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի (1.6%) ցուցանիշները, բացասական են նպաստել ոչ պարենային ապրանքների (-3.5%) և ծառայությունների խմբերը», - ասաց նախարարը։
Վարդան Արամյանն ընդգծեց, որ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ ՍԳԻ-ն աճել է 1.7 տոկոսով։
«ՍԳԻ-ին դրական են նպաստել սննդամթերքի (6%) և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի (0.3%) ցուցանիշները, բացասական են նպաստել ոչ պարենային ապրանքների (-1.2%) և ծառայությունների (-1.6%) խմբերը», - հավելեց Վարդան Արամյանը։