22/03/2017 12:23
Սերժ Սարգսյանը մասնակցել է «Հայաստան-ԱՄԷ» ներդրումային համաժողովին
Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր:
Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։