22/03/2017 11:19
Տնտեսության ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով. Ֆինանսների նախարար
2017 թվականի տարեսկզբից նկատվում է տնտեսության աշխուժացում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինասների նախարար Վարդան Արամյանը։
«Հունվար-փետրվարի օպերատիվ տվյալներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.2%-ով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1.5 տոկոսային կետով», - նշեց նա։
Վարդան Արամյանի խոսքով՝ աճը պայմանավորված է եղել ծառայությունների, արդյունաբերության և առևտրի համապատասխանաբար՝ 11.1 տոկոս, 16.1 տոկոս և 9.6 տոկոս աճերով։
«Շինարարությունը, նախորդ տարվա նկատմաբ, նվազել է 13.8 տոկոսով, իսկ գյուղատնտեսության ճյուղն ունեցել է զրոյական աճ», - ասաց նախարարը։
Վարդան Արամյանն ընդգծեց, որ 2017 թվականի սկզբից նկատվում է ներմուծման արագ վերականգնում։
«2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արտաքին առևտրաշրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22.2 տոկոսով, ընդ որում, արտահանումն աճել է 20.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 23.5 տոկոսով», - նշեց Վ. Արամյանը։