23/03/2017 19:28
Ֆորշը, Եվգենիա Դմիտրիևան, Շաքե Թուխմանյանը և այլք՝ Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմում
Միքայել Պողոսյանի «Լորիկ» ֆիլմը շուտով մեծ էկրաններին կլինի: Այն ստեղծվում է նաև փառատոնային նպատակով և իր փառատոնային ուղին, հավանաբար, կսկսի «Ոսկե ծիրան» կինոփառատոնից:
«Նկարահանումներն ավարտել ենք, շուտով կավարտենք նաև մոնտաժային աշխատանքները: Կարծում եմ՝ մինչև «Ոսկե ծիրան», կլինոփառատոնը այն էկրան կբարձրանա: Հնարավոր է և պրեմիերան տեղի ունենա փառատոնի շրջանակներում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Ժողովրդական արտիստը:
Ֆիլմի հերոսը՝ Լորիկը, փոքր տարիքում վթարի պատճառով կորցնում է ծնողներին, ովքեր նույնպես դերասաններ են եղել: Վթարը տեղի է ունեցել, երբ ծնողները շտապում էին իր ներկայացման պրեմիերային: Նրան խնամում ու մեծացնում է հորաքույրը…
Տրագիկոմեդիայի ժանրում նկարահանված «Լորիկն» իր մեջ նաև միստիկ երանգներ ունի և բարձրաձայնում է այն մասին, որ արվեստի միջոցով կարող են բուժվել ոչ միայն մարդկային հոգինները, այլև՝ մարմինները: Այն արվեստի, մեր իրականության, անտարբերության և ինքնազոհաբերության մասին է:
Ներգրավված են հայ և ռուս կինեմատոգրաֆիստներ, սակայն ֆիլմի հիմնական լեզուն հայերենն է: Սցենարի հեղինակն ու Լորիկին մարմնավորող գլխավոր դերակատարը Միքայել Պողոսյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Ալեքսեյ Զլոբինը: Օպերատորն է Վահագն Տեր-Հակոբյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:
Հերոսուհուն մարմնավորել է ռուս դերասանուհի Եվգենիա Դմիտրիևան: Նկարահանվել են նաև Նարինե Գրիգորյանը, 9-ամյա Իռեն Այվազյանը, երգիչ Ֆորշը, Շաքե Թուխմանյանը և այլք:
«Սա հայ-ռուսական կինոարտադրանք չէ, զուտ հայկական ֆիլմ է: Պարզապես ռեժիսորին և դերասանուհուն Ռուսաստանից ենք հրավիրել», - զրույցը եզրափակելով՝ ընդգծեց Միքայել Պողոսյանը: