24/03/2017 17:59
Յունկերը գնահատել է Մեծ Բրիտանիայի համար Brexit-ի արժեքը
Եվրահանձնաժողովը Լոնդոնին կներկայացնի մոտ 50 միլիարդ ֆունտ ստեռլինգի (62 միլիարդ դոլարի) հաշիվ, և Մեծ Բրիտանիան կկարողանա Եվրամիությունից վերջնականապես հեռանալ սոսկ դրա վճարումից հետո, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մենք մանրամասն հաշվարկել ենք Մեծ Բրիտանիայի բոլոր վճարները և կգանք հանրագումարային թվի», - մեջբերում է նրա խոսքը BBC-ն:
Հարցին՝ գումարը մոտ կլինի արդյոք 50 միլիարդ ֆունտին, նա դրական պատասխան է տվել:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է Brexit-ի շուրջը բանակցությունները պաշտոնապես սկսել մարտի 29-ին, և այն գումարի հարցը, որը բրիտանացիները պետք է վճարեն իրենց հանձնառությունների հատուցման համար, բանակցություններում կլինի հանգուցայիններից մեկը:
Գումարը ներառում է այնպիսի հանձնառություններ, ինչպիսիք են կենսաթոշակների վճարումը ԵՄ-ի պաշտոնյաներին, ենթակառուցվածքային օբյեկտների ֆինանսավորումը և այլ պարտավորություններ: