24/03/2017 14:11
Ադամ Բարրոն Ֆրանսիայում կայանալիք հայկական մրցանակաբաշխությանը կկատարի Կոմիտաս և Կաչչինի
Փարիզի սրտում՝ Ֆրանսիական հեղինակավոր «Զենիթ» համերգասրահում,մարտի 26-ին տեղի կունենա «Armenian Europe Music Awards Paris-2017» երաժշտական մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխության մասնակից, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրադարձության նախաձեռնողներն են «Anna Karolina Production»-ը, «Chahbazian Groupe»-ը, իսկ գեղարվեստական ղեկավարն ու նախագծի տնօրենը Արմեն Անդրյանն է: Հենց նրանց շնորհիվ է իրականություն դառնալու այս կարևոր նախաձեռնությունը: Մրցանակաբաշխության ընթացքում Ադամ Բարրոն կատարելու է Կոմիտասի «Կռունկը» և Կաչչինիի «Ավե Մարիան»:
Օպերային երգիչը Ֆրանսիայի սրտում կայանալիք այս միջոցառումը պատմական և կարևոր է համարում:
«Մրցանակաբաշխությանը կմասնակցեն նաև Հայաստանից ժամանած երաժիշտներ: Համերգը կհամախմբի Ֆրանսիայում և հարևան երկրներում ապրող բազմաթիվ հայերի, ինչպես նաև՝ հայրենիքից ժամանած արտիստների», - նշել է նա:
Տեղեկացնենք, որ Ադամ Բարրոն 2013 թ. ապրիլի 13-ին Երևանում հայ երաժշտասերների դատին է հանձնել Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա և Վանեսիո» կատակերգական օպերան, որն ընդունվել է մեծ ոգևորությամբ: Հավելենք նաև, որ վերջերս Ադամ Բարրոյի միջազգային մրցանակների շարքին ավելացել են ևս երկուսը՝ Իտալիայի և Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից: