24/03/2017 20:08
Կարծում եմ՝ ունենալու ենք արդար և մաքուր ընտրություններ. Մարտին Վարդազարյան
Մարտի 5-ից պաշտոնապես մեկնարկեց նախընտրական քարոզարշավը, որի ընթացքում հանրությանն իրենց ծրագրերին են ծանոթացնում պայքարի մեջ մտած 5 կուսակցություն և 4 դաշինք: Այս տարի ընտրությունները տեղի են ունենալու նոր ընտրական օրենսգրքով՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով:
Նախընտրական պայքարին հետևում ու գնահատական են տալիս բոլորը՝ իրավաբան, մտավորական, բանվոր ու գործարար:
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ Ժողովրդական արտիստ, ՀՀԿ համամասնական ընտրացուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը նկատեց՝ ամեն պահ չի հետևում քարոզարշավին, բայց այն, ինչ տեսնում է, իրեն դուր է գալիս.
«Բոլորի հնարավորությունները հավասար են, բոլոր կուսակցություններն ու դաշինքները քաղաքակրթության չափանիշները պահպանում են, հայհոյանքներ չկան, ինչը, ցավոք, առկա է ֆեյսբուքում: Կարծում եմ՝ ունենալու ենք արդար և մաքուր ընտրություններ»:
Կոմպոզիտորն իր քաղաքացիական պարտականությունը միշտ սիրով է կատարում. Ընտրություններին մասնակցում ու մյուսներին էլ խորհուրդ է տալիս տեր կանգնել սեփական ձայնին ու որոշմանը:
«Յուրաքանչյուրի ձայնն իր դերն ու նշանակությունը, կշիռն ունի: Կոչ եմ անում բոլորին՝ կարդացեք, ծանոթացեք բոլորի ծրագրերին ու բարի տրամադրություններով գնացեք ընտրությունների: Ընտրեք սկզբունք ոչ թե ինչ-որ մեկին դեմ, այլ՝ հանուն ինչ-որ բանի: Անձամբ ես ընտրություններին մասնակցելու եմ հանուն Հայաստանի ապագայի: Սա շատ մեծ ու կարևոր քայլ է դեպի ժողովրդավարություն, մնում է այն ճիշտ օգտագործել: Եթե ամեն մեկս մեր բնագավառում լինենք լիարժեք և աշխատենք հոգուտ բոլորի, համոզված եմ՝ հաջողությունները կլինեն անխուսափելի», - ընդգծեց նա:
Ճանաչված ու սիրված անհատներն ու խմբերը հաճախ օգտագործվում են այս կամ այն քարոզչության նպատակով, երբեմն էլ իրենք են որոշում այդկերպ բարձրաձայնել իրենց դիրքորոշման մասին: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քարոզարշավը մեկնարկեց «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակով, որտեղ նկարահանվել էին նաև Նարեկ Հախնազարյանը, Արթուր Աբրահամն ու Լևոն Արոնյանը:
«Անկեղծ ասած՝ զբաղվածության պատճառով չեմ տեսել այդ հոլովակը: Բայց կասեմ այսպես. կարելի է մասնակցել ընդհանուր հանդիպմանը, բայց կողմնորոշելն արվեստագետի գործը չէ: Դա նույնիսկ կարող է հակառակ արդյունք տալ… Ամեն դեպքում, տրամադրվենք դեպի լավը և հաջողությունները, ու դրանք անպայման իրականություն կդառնան», - զրույցը մեզ հետ եզրափակեց Մարտին Վարդազարյանը: