25/03/2017 15:52
Ներդրողների ակումբը առնվազն $3,2 մլրդ ներդրում կարող է բերել Հայաստան. «Ամեն օր գոլեր են խփվելու» (Տեսանյութ)
«Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի գործունեությունը առնվազն 3,2 մլրդ դոլարի ներդրում կարող է բերել Հայաստան:
«Ֆիքսել ենք 3,2 մլրդ դոլարի ծրագիր՝ իրենց աղբյուրներով, կատարողով, նախագծով, մուլտիպլիկատիվ էֆեկտով և այլն: Այդ 3,2 մլրդ դոլարի մեջ այս ակումբը կարո՞ղ է մասնակից դառնալ, թե՞ ոչ, ակումբի խնդիրն է: Բայց մենք ակնկալում ենք, որ ակումբի մուտքով 3,2 մլրդ դոլարից բացի կլինեն այլ ներդրումներ ևս», - ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողներին:
Ակումբի գործունեությունից վարչապետն ակնկալում է բիզնես միջավայրի փոփոխություն, նոր մշակույթի ձևավորում, բիզնես էլիտայի մշակույթի փոփոխություն, կապիտալի և ֆինանսական շուկաներում ակտիվացում:
«Իրականում ես ակնկալում եմ, որ այն որակական փոփոխություն կմտցնի մեր բիզնես միջավայրում, բիզնես մթնոլորտում: Ավելին, ոչ թե ակնկալում եմ, այլ համոզված եմ, որովհետև սա առաջին օրինակն է, որտեղ պետությունը չի մասնակցում, լրիվ մասնավոր ակումբ է, որն ունի բիզնես նպատակներ, և հենց դա պետք է անենք: Այսօր մեր բոլոր գործընկերների հետ՝ թե´ Ռուսաստանի Դաշնությունում, թե´ այլ երկրներում բանակցում ենք, հենց այս դաշտ ենք ուզում տեղափոխել: Մենք դեմ չենք դրամաշնորհներին, բայց ուզում ենք միջավայր ստեղծել, որտեղ փող աշխատելը, շահույթ հետապնդելը, եկամուտ ստանալը Հայաստանում դառնա տրամաբանական, որովհետև դա փոխելու է տեխնոլոգիա, մտածելակերպ, ամեն ինչ», - ասաց Կ.Կարապետյանը:
Իր հերթին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նշեց, որ ընտրվել են ներդրումային ծրագրեր:
«Մեր կողմից այդ ծրագրերը հիմնականում ընդունված են և առաջինը, այդ ուղղություններով փորձելու ենք մոտակա ժամանակներս անել մեր ներդրումները: Բոլոր ծրագրերը շատ մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում էներգետիկայի ոլորտում են: Մենք փորձելու ենք արագ ներդրումների հաշվին աջակցել, որպեսզի կառավարությունը հնարավորություն ունենա վերանայել սակագները՝ ի օգուտ նվազեցման: Ծավալները կան և քիչ չեն», - նշեց Ս.Կարապետյանը:
Նա նաև ասաց, որ Կարեն Կարապետյանը դեռ շատ անակնկալներ ունի անելու:
«Ընդամենը մի քանի ամիս է, ինչ նա սկսել է, բայց ինձ նույնիսկ զարմացնում է Կարեն Կարապետյանի այսքան մարտական տրամադրվածությունը: Նորից ասեմ՝ մենք պաշտպանելու ենք, աջակցելու ենք, և ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս ամեն օր գոլեր են խփվելու», - ասաց Ս.Կարապետյանը: