25/03/2017 14:54
Սա մեծագույն նվաճում է մեր մշակութային կյանքում. «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի բացմանը հանդես կգա Պինկաս Ցուկերմանը
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը տեղի կունենա մարտի 26-ին լեգենդար ջութակահար, կրկնակի Գրեմմի մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով:
Մինչ փառատոնի բացումը լրագրողների հետ հանդիպմանը «Հեռանկարներ» փառատոնի հիմնադիր նախագահն ու գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն ասաց, թե աշխարհում շատ քիչ փառատոններ կան, որոնք իրենց այս տեսակի շքեղություն են թույլ տալիս՝ հրավիրել այնպիսի մեծագույն արվեստագետների, ինչպիսիք են Պինկաս Ցուկերմանն ու թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտը։
«Սա ֆինանսական հզորությունից չի գալիս, սա փառատոնի անունն ու իմիջն է ամբողջ աշխարհում, որ այսպիսի արտիստների բերում է Հայաստան։ Սա մեծագույն նվաճում է մեր մշակութային կյանքում», - ասաց Ստեփան Ռոստոմյանը։
Նա նշեց նաև, թե աշխարհում ցանկացած բեմ երազում է մեկ անգամ տեսնել Պինկաս Ցուկերմանին։
Վերջինս իր հերթին ասաց, թե իր համար պատիվ է եղել լինել մեծագույն երաժիշտ Իվան Գալամյանի աշակերտը։
Երաժիշտն անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանությանն՝ ասելով. «Երաժշտությունը սպեղանի է յուրաքանչյուր տեսակի ցավի համար։ Ցանկացած դեպքում, երբ ունենք վերք, որն ապաքինման կարիք ունի, մենք անդրադառնում ենք երաժշտությանն ու կրոնին։ Կարծում եմ, որ քաղաքական գործիչներն ու երաժիշտները պետք է իրարից շատ հեռու մնան, և միմյանց կամք չթելադրեն»։
Համերգը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 19-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։
Ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի Կրկնակի կոնցերտը ջութակի և թավջութակի համար լյա մինոր և նույն հեղինակի թիվ 4 սիմֆոնիան։