25/03/2017 10:33
Փաստաբանը ներկայացրել է Բաբայանին առաջադրված մեղադրանքները և ասել, որ բողոքարկելու է կալանքի մասին որոշումը
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը պատրաստվում է հնգօրյա ժամկետում բողոքարկել Բաբայանին երկու ամսով կալանավորելու մասին որոշումը, այդ մասին Aysor.am-ին տեղեկացրեց փաստաբան Քալաշյանը:
Նա ասաց, որ Սամվել Բաբայանին առաջադրվել են մեղադրանքներ Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով: Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրիք 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» և 235.1. հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «Նախնական համաձայնությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը»: Այս մեղադրանքով պատիժը քրեական օրենսգրքով սահմանվում է ազատազրկում երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Փաստաբանի խոսքով՝ առաջին մեղադրանքը միջին ծանրության է համարվում, իսկ երկրորդ մեղադրանքը ծանր է և այդ պատճառով էլ Բաբայանի նկատմամբ կիրառվել է կալանք:
«Այս բոլոր մեղադրանքները անհիմն են, պարոն Բաբայանի դիրքորոշումն այն է, որ իրեն անհիմն մեղադրանք է առաջադրվել», - ասաց Ավետիս Քալաշյանը:
Ավելի վաղ ԱԱԾ լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ օրերս ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։ Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։ Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ավելի ուշ ԱԱԾ-ից տեղեկացրել էին, որ այս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Սամվել Բաբայանը և ևս երկու անձ: Ըստ աղբյուրի, կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։