25/03/2017 19:18
Ինձ տրամադրված նյութերից երևում է, որ Սամվել Բաբայանը առնչություն չունի բուն արարքներին. Բաբայանի փաստաբան
«Այն, որ ասում են, թե պարոն Բաբայանը ընդունել է իր մեղքը, դա բացարձակ իրականությանը չի համապատասխանում», -Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը՝ մեկնաբանելով այսօր Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը։
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ հարցաքննության ընթացքում Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և մյուս կալանավորվածները ընդունել են իրենց առնչությունը «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ։
Փաստաբանի խոսքով, Գլխավոր դատախազությունը յուրովի է մեկնաբանություններ կատարում «առնչություն» հասկացության վերաբերյալ։
«Մարդը գրել է, որ չի ընդունել մեղադրանքը, ու դատախազությունը նրա փոխարեն պատասխանում է հարցին՝ ընդունե՞լ է մեղադրանքը, թե ոչ։ Մարդը գրում է՝ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», -ասաց Քալաշյանը։
Հարցին, թե ինչի՞ հիման վրա է Գլխավոր դատախազությունը նման հաղորդագրություն տարածում, փաստաբանն ի պատասխան պնդեց.
«Այն, ինչում, որ նրան մեղադրում են, անհիմն է։ Այսինքն՝ անհիմն ասելով, հասկանում եմ այսպես՝ մեղադրանքները, գործով ձեռք բերված ապացույցները հիմնավորված չեն։ Թե հիմա ի՞նչ կասկածներ ունեն, դա այլ խնդիր է։ Այդ կասկածները պետք է հիմնավորված լինեն, որպեսզի մեղադրանք առաջադրվի՝ Բաբայանը կլինի՞, թե ցանկացած այլ անձ»։
Մյուս հարցին, թե փաստաբանը ներկա է եղել հարցաքննությանը, գործի նյութերը հավանաբար ուսումնասիրել է, չի՞ տեսել որևէ տեղ, որ Բաբայանն ընդունել է իր առնչությունը նշված հանգամանքին, Փաստաբանը պատասխանեց. «Գործի նյութերն ուսումնասիրելու իրավունք դեռ չունեմ, որքանով որ նյութերը տրամադրվել են ինձ կալանավորման ժամանակ, իսկ այդ ժամանակ տրամադրվում են կալանավորման հիմքերը, էդ նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ինքը առնչություն չունի բուն արարքներին։ Առնչություն ունենալը տարբեր անձինք տարբեր կերպ կարող են մեկնաբանել։ Խոսքը վերաբերում է հանցագործությունների կատարմանը»։
Հետաքրքրվեցինք նաև, որ եթե առնչություն չունի արարքներին, արդյոք առնչություն ունի Բաբայանը պատվեր տալուն, Ա. Քալաշյանը պատասխանեց. «Միանշանակ ոչ»։
Իսկ ի՞նչ է կարծում, արդյոք քաղաքական ենթատեքստ կա այս ամենի մեջ, Քալաշյանը պատասխանեց. «Պարոն Բաբայանի խոսքերով ասած, թողնվել է հանրության հայեցողությանը հետևություններ անելը։ Եթե անհիմն մեղադրանք են առաջադրել, ապա թող հետևությունը հանրությունը անի»։