27/03/2017 17:44
Բանակցային գործընթացը չափից դուրս դանդաղել է, բայց փակուղում չէ. Ամերիկացի համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ով ժամանակավոր համանախագահ է համարվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացը հայտնվել է փակուղում։
«Չէի ուզենա փակուղի բառն օգտագործել, բայց գիտենք, որ բանակցային գործընթացը չափից դուրս դանդաղել է և դրա համար ասում ենք, որ այժմ ժամանակն է վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Նախ արտգործնախարարները պետք է միասին նստեն, լուրջ և ազնիվ միմյանց հետ խոսեն, նախապատրաստեն հիմքը նախագահների հանդիպման, որպեսզի նախագահները խոսեն իրատեսորեն՝ ինչպես առաջ շարժվել», - ասաց Հոգլանդը։
Նա ասաց, թե չի կարծում, որ բանակցային պրոցեսում կա որևէ «դետալ», որը պետք էր ներկայացնել կողմերին։ Պատերազմի մասին խոսելը, ըստ համանախագահի, վատթարագույնն է։
«Լավագույն ճանապարհը բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է», - ասաց նա։
Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման մանրամասների մասին հարցին ի պատասխան, ԱՄՆ համանախագահն ասաց, թե մանրամասներ չի կարող բացահայտել, քանզի այդ հանդիպումը բանակցային գործընթացի մաս է։
«Քննարկման մանրամասների մասին դիվանագիտության մեջ չեն հայտնում, բայց կարող եմ հավաստիացնել, որ մենք, անշուշտ, խոսել ենք համաձայնությունների մասին, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում։ Մենք վստահ ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է իրականացվեն», - ասաց համանախագահը։