27/03/2017 16:39
Ամերիկացի համանախագահն ասել է, որ բանակցային սեղանին դրված փաստաթուղթը երեք մասից է կազմված
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խուսափեց խոսել, մանրամասներ ներկայացնել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային սեղանին դրված փաստաթղթի մասին։
Հարցին, թե բանակցային սեղանին կա արդյոք «լավրովյան պլան» և ի՞նչ է իրենից ներկայացնում այն, ամերիկացի դիվանագետը նախ ասաց, որ այդ փաստաթուղթը չի կոչվում «լավրովյան պլան», այնուհետև նշեց, որ բանակցային սեղանին դրված փաստաթուղթը երեք մասից է կազմված։
«Ինձ համար տեղին չէ մանրամասներ ներկայացնել բանակցային սեղանին դրված պլանի վերաբերյալ։ Կողմերը պետք է առանձին աշխատեն դրա շուրջ։ Բանակցությունը թղթախաղ չէ, որ խաղաքարտերը դրվեն սեղանին, սա դիվանագիտություն է, և պլանը կարող է ընթացքում փոփոխվի, դրա համար բաց, հրապարակային չի ներկայացվում ամեն ինչ։ Մենք հանդիպում ենք կողմերին, փորձում ենք գտնել ընդհանուր եզրերը, ճանապարհը, որով կարող ենք առաջ շարժվել։ Մենք փորձում ենք հաշտեցնել կողմերին, որից կարող են շահել ժողովուրդները», - հայտարարեց դիվանագետը։