27/03/2017 17:29
Ղարաբաղյան հարցում համանախագահ երկրները տարաձայնություններ չունեն. Ռիչարդ Հոգլանդ
Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում կարևոր է, որ լինի քաղաքական կամք բարձրագույն ղեկավարության մակարդակում վերադառնալու բանակցություններին, որպեսզի հնարավոր լինի արդյունքում գտնել խաղաղ կարգավորում, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ ընդգծելով, որ բանակցային սեղանին դրված ծրագրի մասին մանրամասներ չի կարող փոխանցել։
«Որոշում կայացնելը ղեկավարների ու նրանց ժողովուրդների գործն է, թե ինչպես պետք է ապրեն խաղաղության մեջ, ինչպես պետք է վայելեն ապագան միասին։ Կան պլաններ, որոնք կարող են քննարկվել, ժամանակն է ուղղակի վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու դրանք», - հայտարարեց Հոգլանդը։
Նրա խոսքով՝ բանակցային գործընթացում իրենք տարածություն են պահպանում կողմերից, որպեսզի նրանց «չնեղացնեն», հակառակ դեպքում միջնորդական առաքելությունը չի ստացվի։
«Մենք չենք ուզում, որ այդ դուռը փակվի, մենք ուզում ենք, որ այն բաց մնա, և մենք մշտապես նկատի կունենանք այն խնդիրները, որոնց շուրջ պետք է զգուշություն հանդես բերենք մեր հրապարակային հնչեցված խոսքում», - ասաց համանախագահը։
Դիվանագետի խոսքով՝ իրենց միջնորդական աշխատանքում ամենամեծ խնդիրը կողմերի միջև հաշտության եզրեր գտնելն է։ «Մենք փորձում ենք ստեղծել նախապայմաններ, որ հիմնախնդրում ներգրավված առաջնորդները կարողանան վերջնական լուծում կայացնել, որից կշահեն տարածաշրջանի ժողովուրդները», - հավելեց համանախագահը։
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ համանախագահ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, դիրքորոշումներին, ապա Հոգլանդն ասաց, որ իրենց միջև տարաձայնություններ չկան։ «Նույնիսկ եթե այլ հարցերի շուրջ մեր երկրների միջև տարաձայնություններ կան, ապա սա այն հարցն է, որի շուրջ մենք կարողանում ենք միասին աշխատել։ Ես անչափ ուրախ եմ դրա համար», - հայտարարեց Հոգլանդը։
Նշենք, որ Ռիչարդ Հոգլանդը ժամանակավոր համանախագահ է, մինչև ԱՄՆ կառավարությունը կնշանակի նոր համանախագահի։